«Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը

Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի առաջին նիստը, որը հաջողությամբ ավարտվեց։ Շուրջ մի քանի ժամ շարունակ տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչներ խորը քննարկումներ էին իրականացնում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շուրջ՝ նպատակ ունենալով այն դարձնել առավել հասցեական և արդյունավետ։

Խորհրդի անդամները, օգտագործելով իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքները, այս ամիսների ընթացքում ակտիվորեն աշխատել են ծրագրի բովանդակությունը համապարփակելու և այն բազմաթիվ հարցերի շուրջ կոնկրետ լուծումներ առաջարկելու համար։ Այսօրվա նիստը կարելի է համարել այն պահը, երբ ծրագիրը ձևավորվեց որպես համախմբման հարթակ՝ դառնալով իսկապես ժողովրդական նախաձեռնություն։

Քննարկումների կենտրոնում էին մի քանի առանցքային ոլորտներ։ Խորհրդի անդամները մանրամասն քննարկեցին երաշխավորված խաղաղության հասնելու, տնտեսության զարգացման ուղիները, գյուղատնտեսության խնդիրները, երիտասարդության ներուժի օգտագործման հնարավորությունները և թմրամոլության դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Նիստի ընթացքը կառուցված էր այնպես, որ ելույթների համար ժամանակային սահմանափակում չլիներ, ինչը ստեղծեց ազատ և վստահության մթնոլորտ, որտեղ ծնվում էին նոր գաղափարներ և նախաձեռնություններ։

Այս նիստը հստակ ցույց տվեց, որ «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական նախագիծը ձևավորվում է որպես կարևոր հարթակ, որտեղ մասնագիտական ներուժն ու փորձը միավորվում են մեկ ընդհանուր նպատակի՝ հայրենիքի զարգացման և բարգավաճման շուրջ։ Սա մի տարածք է, որտեղ տարբեր ոլորտների ներկայացուցիչները խոսում են մեկ լեզվով՝ համատեղ ջանքերով փորձելով լուծել առկա խնդիրները և առաջ մղել միասնականության գաղափարը։ Երբ մասնագիտական մտքի և պատասխանատվության զգացումը միավորվում են ի շահ հանրության, արդյունքները չեն ուշանում։