ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները մայիսի 22-ի վաղ առավոտյան իրականացրեցին խուզարկություններ Գյումրիում՝ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված Մարտուն Գրիգորյանի առանձնատանը, մեքենայում և նախընտրական շտաբերում։ Շուրջ 7 ժամ տևած գործողությունների ընթացքում իրավապահները փնտրել և առգրավել են համակարգիչներ, փաստաթղթեր և էլեկտրոնային տեղեկատվական կրիչներ։
Իրավապահների կողմից առգրավվել է նաև պատգամավորի բջջային հեռախոսը, ինչը, հաշվի առնելով Գրիգորյանի պատգամավորական անձեռնմխելիությունը, իրավապահների գործողությունների վերաբերյալ հարցեր է առաջացնում։ Չնայած փնտրած «չեկերի կամ ֆինանսական փոխանցումների» գտնելու անհաջող փորձին, որի մասին տեղեկացվել է անանուն աղբյուրով, իրավապահները ձերբակալել են Մարտուն Գրիգորյանի թիմի երկու անդամ։ Ձերբակալվածներից մեկը Գյումրու ավագանու անդամ Արտակ Հովսեփյանն է։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տվյալների՝ Գրիգորյանի թիմակիցներին ձերբակալել են և քրեական վարույթ հարուցել նախընտրական շրջանում «բարեգործության արգելքը» խախտելու հոդվածով։ Քննչական մարմինը դիտարկում է որպես ընտրողներին կաշառելու փորձ այն իրավիճակը, երբ բարեգործության անվան տակ Գյումրիի բնակիչներից մեկի տան վերանորոգման համար անհատույց շինանյութ է տրամադրվել։
Հանրությանը շրջանառվում են տեղեկություններ, թե իրավապահների ձեռքի տակ եղած գաղտնալսումների ձայնագրություններում հստակ լսվում է հենց Մարտուն Գրիգորյանի ձայնը։ Ըստ անանուն աղբյուրի՝ խոսակցությունը վերաբերում է նախընտրական շրջանում իրականացվող «աջակցության» կազմակերպչական հարցերին, ինչը փորձ է արվում օգտագործել որպես ուղիղ ապացույց։
Գրիգորյանի թիմակիցները վստահ են, որ Գյումրիում ծավալվող այս իրադարձությունները, խուզարկությունների թափը և հանրությանը հրամցվող «արտահոսքերը» տեղավորվում են մեկ ընդհանուր տրամաբանության մեջ՝ գործող իշխանությունն օգտագործում է իր վարչական և իրավական ողջ արսենալը՝ ընդդիմադիր դաշտը կազմալուծելու և սեփական դիրքերն անձեռնմխելի պահելու համար։
Նա Շիրակի մարզում, և հատկապես Գյումրիում, ունի ձևավորված, կայուն և ծանրակշիռ ընտրազանգված, որը տարիներ շարունակ հավատարիմ է մնացել նրան։ Այդ ամենի լավագույն ապացույցը Գյումրու ՏԻՄ վերջին ընտրություններն էին, որտեղ քաղաքապետի ընտրության և ավագանու կազմի ձևավորման հարցում Մարտուն Գրիգորյանն ու իր թիմը խաղացին վճռորոշ դեր՝ թույլ չտալով գործող իշխանությանը քաղաքում հասնել միանձնյա և բացարձակ հսկողության։
Իրավաբան Արտեմ Մնացականյանը նկատում է, որ Մարտուն Գրիգորյանի ձայնի առկայության մասին լուրերի կազմակերպված տարածումը դասական PR տեխնոլոգիա է։ Նրա խոսքով՝ նախաքննական գաղտնիք հանդիսացող նյութերը միտումնավոր հանրայնացվում են նախքան դատարանի որոշումը՝ ապահովելու համար «մեղավորության կանխավարկածը»։
Բացի այդ, Գյումրու ավագանու անդամների և առանցքային թիմակիցների ձերբակալությունը հարված է շտաբի կազմակերպչական ողնաշարին։ Թիրախավորելով տեղերում աշխատող ակտիվիստներին՝ իշխանությունը երկակի նպատակ է հետապնդում. ֆիզիկապես մեկուսացնել այն մարդկանց, ովքեր ունակ են ձայներ մոբիլիզացնել, և վախի ազդակ հղել շարքային քաղաքացիներին ու մյուս համակիրներին, որ ընդդիմության կողքին կանգնելը կարող է ավարտվել բանտով կամ խուզարկություններով։
Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ գործող վարչախումբը, չունենալով բավարար քաղաքական արգումենտներ և վստահություն Շիրակի մարզում, անցել է ուժային ճնշումների տակտիկային։ Սա ժողովրդավարական ինստիտուտների դեգրադացիայի և ընտրական գործընթացները բացառապես վարչական մամլիչով վերահսկելու ձգտման հերթական ապացույցն է։