Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում, որտեղ նախատեսվում է անցկացնել 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), 3 օր առաջ տեղի է ունեցել ողբերգական դեպք։
Ըստ տեղեկությունների՝ շենքի տանիքում շինարարական աշխատանքներ կատարող 40-ամյա տղամարդը ընկել է և տեղում մահացել։
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության կողմից հայտնի է դարձել, որ փետրվարի 20-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացել է հաղորդում, համաձայն որի՝ Երևանի շենքերից մեկի տանիքում աշխատանքներ իրականացնելու ժամանակ քաղաքացի է վայր ընկել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական բաժին։
Հիշեցնենք, որ «Մերիդիան» էքսպո կենտրոնը ապագա համաժողովի համար պատրաստվում է։ Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր կենտրոն՝ ծանոթանալու համար աշխատանքների ընթացքին և տեխնիկական հնարավորություններին։ Փաշինյանը պատասխանատուներին տվել էր կոնկրետ հանձնարարականներ։ Ըստ ամենայնի, այս համաժողովի համար կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ էլ տեղի է ունեցել ողբերգական դեպքը։