Հայ ժողովուրդը, նոյեմբերի 9-ի և մայիսի 9-ի միջակայքում, կարող էր հնարավորություն ունենալ խորհել իր սխալների մասին, փորձել հասկանալ, թե ինչու են իրական հաղթանակները հռչակվում որպես ողբերգություն, իսկ պարտությունները՝ որպես պետության փրկություն։ Սակայն այս հարցերին պատասխանելու փոխարեն, մայիսի 9-ի հաղթականությունը նոյեմբերի 9-ի խայտառակությանը վերածած մարդկանց խմբակը, իր խմբավարի գլխավորությամբ, գտավ հայ ժողովրդին ադրբեջանական հացահատիկով երջանիկ դարձնելու իրենց բանաձևը։
Իհարկե, ժողովուրդը այդ պատճառներն ու պատասխանները չէր գտնելու պարզ որոնմամբ։ Դրանք պետք էր առաջադրել, իսկ հարցեր առաջադրելու փոխարեն՝ քաղաքական էլիտայի ներկայացուցիչների մեծ մասը անցած տարիներին զբաղվեց ինքնառաջադրմամբ։ Գիտակից հաշվարկով, երբեմն՝ անգիտակցաբար, բայց միշտ ջրի երեսին մնալու անխախտ բնազդով։
Ժամանակին Եռատոն անվանում ստացած մայիսի 9-ը այսօր ամոթի օր է։ Բայց մենք չենք ամաչում ու իներցիայով ընկնում ենք հաղթականության հուշերի գիրկը՝ այդպես էլ չհասկանալով, որ ժամանակին դրսևորված իրական հաղթանակը զուտ հպարտության առարկա դարձնելու պատճառով ենք նաև պարտությունը հաղթանակ համարողներին ու բոլոր պատերազմներում միայն սեփական պատմության ու ժողովրդի դեմ հաղթանակը հաղթանակ համարողներին թույլ տվել հասնել իշխանության։
Այս չհասկանալը սոսկ անցյալի սխալների արձանագրում չէ։ Այդ նույն պատճառով շատ մեծ է վտանգը, որ նույն խմբակն իշխանությունը կպահպանի նաև հունիսի 7-ից հետո։ Այսօրվա չգիտակցումը վաղվա ողբերգությունների սնողն է։ Այն վաղվա, որում մայիսի 9-ը ոչ միայն կարող է հանվել պաշտոնական տոնացույցից, այլ որում մայիսի 9-ը կերտողները կդատվեն՝ որպես «պատերազմական հանցագործներ»։ Շատերը կդատվեն հետմահու։
Անցած վեց տարիներին իր զավակներին հողին հանձնած ժողովուրդը՝ նրա գլխին իրենց քաղաքական վերնախավ կարգածների գործուն մասնակցությամբ կամ հանցավոր անգործությամբ, հանդուրժեց Արցախի հանձնումը՝ մինչ այդ հանդուրժած լինելով սեփական զավակների հանձնումը հողին։ Կարճ ժամանակ անց հանձնվելիք հողին։ Մենք թույլ տվեցինք մեր հողի հանձնումը՝ նրան հանձնված զավակների հետ միասին։ Եվ այսօր չենք ամաչելու դինջ իներցիայով տոնել Մայիսի 9-ը և հպարտանալ նոստալգիկ հերոսականությամբ։
Այս ամենի ֆոնին, եվրոպական քաղաքական համայնքի ներկայացուցիչների կողմից Երևանում հնչեցված թեզերը, որոնք քննարկվում էին «Երկու ճակատ» պոդկաստի թողարկմանը, ցույց են տալիս, թե ինչպես է Հայաստանը վերածվում աշխարհաքաղաքական գործիքի՝ այս վարչախմբի բուռն մղումով։ Թուրքիայի և Ադրբեջանի կամքը Հայաստանին թելադրելու գործելաոճը, ցավոք, դառնում է իրականություն։
Այս ամենը հիշեցնում է 1992 թվականի մայիսի 8-ին, երբ Արցախի ազատագրված Շուշի քաղաքը դարձավ հայկական հպարտության խորհրդանիշ։ Այսօր, սակայն, մենք ապրում ենք այնպիսի իրականություն, որտեղ իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում են, որ «Արցախը հայկական չէ», «Ղարաբաղի շարժումը չեն շարունակելու»։
Այս ամենի ֆոնադրույթում գտնվում է նաև հայկական ժողովրդի ապագան։ Գերիները Բաքվում պահվում են որպես լծակ՝ քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Եվ մինչև որ մենք չենք հասկանում անցյալի սխալները, մինչև որ մենք չենք հրաժարվում այս իներցիայից, մայիսի 9-ը կմնա ոչ թե հաղթանակի, այլ ամոթի և վաղվա ողբերգության նախանշան։