Իմ հիմնական խնդիրը պետականության պաշտպանությունն է, և այս պարտականությունը ես կատարում եմ ոչ թե ռազմական տեխնիկայի զորահանդեսների միջոցով, այլ իմ գործիչի որակով՝ պետականության հիմքերը պաշտպանելով։
Իհարկե, ես գիտեի, որ պաշտպանությանն ուղղված միջոցները հատկացվում են պետական բյուջեից, բայց այս անգամ դա ներկայացվեց որպես անհրաժեշտություն, որը պետք է ծածկվի միլիարդավոր դոլարների պարտքով։ Իսկ իմ հիմնական խնդիրը պետականության պաշտպանությունն է, և այս պարտականությունը ես կատարում եմ ոչ թե ռազմական տեխնիկայի զորահանդեսների միջոցով, այլ իմ գործիչի որակով՝ պետականության հիմքերը պաշտպանելով։
Եթե մեր երկրի անվտանգության գծով միակ իրական սպառնալիքը հյուսիսում է, որը սահմանակից չէ մեզ, ինչ իմաստ ուներ միլիարդավոր դոլարներ ծախսել ռազմական տեխնիկա գնելու նպատակով։ Հատկապես որ մեր ավանդական թշնամին այլևս մեր բարեկամն է, խաղաղության առումով երկրի ղեկավարի գործընկերը։ Եվ եթե մենք արդեն ապրում ենք խաղաղության մեջ, ապա ո՞րն է պաշտպանական բանակ ունենալու անհրաժեշտությունը։
Համենայն դեպս, պետք է որ այդպիսի եզրակացության գայինք՝ շարունակ լսելով իմ աթոռից կառչած անձի նախընտրական ելույթները։ Իհարկե, նաև մայիսի 28-ի զորահանդեսը դիտելով։ Դա, բնականաբար, հեռու է իրականությունից ճիշտ այնպես, ինչպես իմ աթոռից կառչած անձը հայրենասիրությունից ու պետական մտածողությունից։
Իսկ ինչպիսի՞ն էր իրավիճակն իրականում։ Իմ նախորդներից ես ժառանգություն ստացա մարտունակ բանակ։ Ինչի հավաստումն ինքն ստացա Տավուշի դիրքային մարտերի ժամանակ։ Եվ, բնականաբար, Սարդարապատի համալիրում ըստ արժանվույն գնահատեցի մասնակից զինվորականներին։ Պարգևատրեցի բոլոր մասնակիցներին «Մարտական խաչ» շքանշանով, իսկ հետախույզ կապիտանին՝ Ազգային հերոսի կոչումով։ Պատճառն այն էր, որ ինքն այդ օրերին առաջնորդվում էր «Արցախը Հայաստան է» մտածողությամբ։ Բնականաբար, ընդունելով, որ երբ Արցախը Հայաստան էր, այդ ժամանակ հայոց բանակն էլ մարտունակ էր։
Տավուշի դիրքային մարտերից երեք ամիս անց, որպես գլխավոր հրամանատար, Լելե-թեփեի սխալ օպերացիայի պատճառով ջարդեցի բանակի ոգին՝ դարձնելով ավերակ։ Ինչի առումով, իմ բնույթին հարազատ մնալով, պատասխանատվությունն ու մեղքը բարդում եմ նախորդների վրա։
Այսօր հայոց բանակն, իսկապես ավերակ է, ինչի հիմնական դրսևորումը դրա՝ հոգեբանորեն ջարդված լինելն է։ Իսկ դրա դրսևորումն էլ բանակի գեներալիտետի վարքագիծն է։ Բանակի գլխավոր շտաբի պետի, նրա տեղակալների և շտաբի անդամների, ովքեր 2021-ի փետրվարի վերջին պահանջեցին իմ հրաժարականը, իսկ մեկ-երկու օր անց զգաստ կանգնելով՝ «չեստ» տվեցին խայտառակ պարտության թիվ մեկ պատասխանատու և, ըստ այդմ, թիվ մեկ մեղավոր հրամանատարին։ Նման բնույթի գեներալներով, բնականաբար, մարտունակ բանակ ունենալ հնարավոր չէ։ Որովհետև մարտունակ բանակի ոգին հիմնված է ուսադիր կրող սպանների անհատական արժանապատվության զգացումի վրա։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ 2021-ի փետրվարի վերջ-մարտի սկզբին, վկայում է ոչ թե դրա առկայության, այլ բացակայության մասին։
Հաճելի չէ, իհարկե, 108 տարի առջվա մայիսյան հերոսամարտերի շնորհիվ վերականգնված պետականության օրը նման մտածումներ ունենալը։ Բայց այդպիսին է, դժբախտաբար, մեր իրականությունը։ Ու այն փոխելու համար անհրաժեշտ է, որպեսզի հունիսի 7-ին մեկ մարդու նման այցելենք ընտրատեղամասեր։ Եվ «ՈՉ» ասենք հայոց երբեմնի մարտունակ բանակն ավերակի վերածած՝ խայտառակ պարտության թիվ մեկ պատասխանատու և, ըստ այդմ, թիվ մեկ մեղավոր հրամանատարին։ Եվ նրա ստեղծած կուսակցությանը։