Պետական ապարատը քաղաքական ճնշում է գործադրում ընդդիմադիր ուժերի դեմ

Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում վերջին հինգ օրվա ընթացքում տեղի ունեցած մի քանի դեպքեր ցույց են տալիս անհանգստացնող մի օրինաչափություն․ պետական ապարատի կողմից քաղաքական ճնշում գործադրելը՝ ընդդիմադիր ուժերի և քաղաքական հակառակորդների դեմ։

Առաջին դեպքը Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) քարոզարշավային ավտոմեքենայի առգրավումն էր (մայիսի 20-ը)։ Երկրորդը՝ Արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի կալանավորումը (մայիսի 18-21)՝ պարզապես քարոզարշավի ընթացքում վարչապետի թեկնածուներից մեկին հարցեր ուղղելու և քաղաքական անհամաձայնություն արտահայտելու համար։ Երրորդը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հրապարակային հայտարարությունն ընդդիմադիր թեկնածուի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ լրտեսության մեղադրանքների մասին (մայիսի 20-22)՝ որին անմիջապես հաջորդեցին ԱԱԾ-ի գործողությունները և գլխավոր դատախազի դիմումը ԿԸՀ-ին։

Այս երեք առանձին դեպքերը, որ տեղի են ունեցել ընդամենը հինգ օրվա ընթացքում, ցույց են տալիս, որ պետական ապարատը հարաճուն կերպով օգտագործվում է ոչ թե օրենքի գերակայությունը ապահովելու, այլ քաղաքական ճնշում գործադրելու և ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով։

Քարոզարշավի մեքենայի առգրավումը

Ընտրարշավի ընթացքում քարոզչական միջոցների առգրավումը, հատկապես այն դեպքում, երբ այն կատարվում է պետական կողմից, հստակ քաղաքական միջամտություն է, ոչ թե իրավապահ գործունեություն։ Սա հակասում է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 2-րդ մասին, որը երաշխավորում է քաղաքական ուժերի գործունեության համար հավասար իրավական պայմաններ, և 78-րդ հոդվածին, որը պահանջում է, որ հիմնարար իրավունքների ցանկացած սահմանափակում լինի անհրաժեշտ, համաչափ և իրավաչափ։

ԱԺԲ-ն արդեն պաշտոնական բողոք է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարություն և փաստաթղթեր է փոխանցում միջազգային դիտորդական կառույցներին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, Եվրոպայի խորհրդին և Վենետիկի հանձնաժողովին։

Արթուր Օսիպյանի կալանավորումը

Արթուր Օսիպյանը 2023 թ․ սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերից մեկն է։ Նրան կալանավորելը՝ քարոզարշավի ընթացքում պետական պաշտոն զբաղեցնող անձին հարց բարձրացնելու համար, խոսքի ազատության, քաղաքական մասնակցության և սահմանադրական իրավունքների կոպիտ խախտում է։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում է։

Անդրանիկ Թևանյանի դեմ մեղադրանքները

ԱԺԲ-ն չի կիսում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Սակայն խնդիրը քաղաքական համակրանքի կամ հակակրանքի մեջ չէ։ Խնդիրն այն է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հրապարակայնորեն հայտարարում է ընդդիմադիր թեկնածուի դեմ քրեական մեղադրանքների մասին՝ որի հետևանքով նախքան դատական գործընթացի մեկնարկը պատգամավորի թեկնածուն կալանավորվում է։

Այս իրադարձությունները հարց են առաջացնում․ արդյո՞ք իրավապահ և դատական գործընթացները ծառայում են արդարադատությանը, թե վերածվում են քաղաքական նպատակահարմարության գործիքի։

ԱԺԲ խորհուրդը կոչ է անում միջազգային դիտորդական կառույցներին դիտարկել այս իրադարձությունները որպես փաստագրված և սրացող վտանգավոր օրինաչափություն և հանդես գալ համարժեք արձագանքով։ Միջազգային ներկայությունը Հայաստանում պետք է լինի ժողովրդավարական չափանիշների և քաղաքական ազատությունների իրական երաշխիք։

ԱԺԲ-ի դիրքորոշումն անփոփոխ է․ պետական ուժի կիրառումը քաղաքական ընդդիմախոսների դեմ ավելի հաստատակամ է դարձնում մեր պայքարի արդարությունն ու անհրաժեշտությունը։ Մենք շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը՝ հանուն ինքնիշխան, անվտանգ և ժողովրդավարական Հայաստանի։