Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ կատարած զրույցում Պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացված, «Ռեֆորմիստներ» կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը անդրադարձավ մի շարք կարևոր հարցերի՝ սկսած Ադրբեջանի հետ հայկական անվտանգության հարաբերությունից մինչև Գորիս-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի իր կողմից ստորագրված հուշագրի մեկնաբանությունը։
Նախ, նա անպայմանորեն մերժեց հնարավորությունը, թե Ադրբեջանը կարող է լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը։ «Առանձին մարդկանց կարող է, կտան երաշխիք, բայց Հայաստանին՝ չէ։ Ոնց որ եղել է ցեղասպանության ժամանակ, առանձին մարդկանց փրկել են, չէ՞, բայց ընդհանուր ցեղասպանություն են իրականացրել։ Նույնն էլ հիմա է։ Չի կարող լինել։ Պետությունը, որի հետ ունես ռազմական անմիջական սպառնալիք, իսկ դա հետեւյալն է՝ դիվանագիտության հարաբերությունների բացակայություն, զորքեր կանգնած են սահմանում, երբ տարածքային պահանջներ կան քո հանդեպ, դա կոչվում է ռազմական անմիջական սպառնալիք»,- նշեց նա։
Հարությունյանը նաև բացատրեց Գորիս-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի հուշագրի իրական էությունը, որը հաճախ սխալմամբ մեկնաբանվում է որպես հանձնում։ Նրա խոսքով՝ այն հուշագիրը ոչ թե հանձնում էր, այլ ապահովում էր հայկական զորքերի անխոչընդոտ տեղաշարժը։ «Այդ ճանապարհը, որը ըստ նոյեմբերի 9-ի պայմանագրի 11 կմ-ն Ադրբեջանի տարածքով է, մենք այլ ճանապարհ չունեինք։ 1,5 տարի այն օգտագործել ենք։ Ստիպված եմ եղել զանգել Շոյգուին, գաղտնիք եմ բացում, գիշերով զորք է ուղարկում, իսկ ադրբեջանցիները պիտի գային՝ սահմանին շփման գիծ ձեւավորելու համար։ Շոյգուն Գյումրիից տեխնիկա է ուղարկում, զանգում է Ադրբեջանին՝ ասում չմոտենաս սահմանին, մինչեւ չկարգավորենք։ Իմիջիայլոց՝ դա միակ տարածքն է, որ ադրբեջանցիները չեն եկել նստել մեր սահմանին»,- բացատրեց նա՝ հավելելով, որ այնքան ժամանակ, մինչև Տաթեւի մեր ճանապարհը սարքել ենք, մենք այն օգտագործել ենք։