Իշխանական շրջանակներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզպետի պաշտոնը կարող է զբաղեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ եղբոր՝ Արտակի որդին, ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը։
Նա նախորդ խորհրդարանի անդամ էր, որից հետո զբաղվել է գործարարությամբ Ուկրաինայում։ Նախընտրական քարոզչության ընթացքում Սիփան Փաշինյանը վերադարձել է Հայաստան՝ աջակցելու իր հորեղբորը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա այցելել է մարզեր, մասնակցել քարոզչական միջոցառումների։ Մի գյուղում տեսանյութերից մեկում նա հենց գյուղացիներից մեկին էր ուղղում խոսքը՝ խնդրելով ներողություն չխնդրել, քանի որ դա չի լուծի իրենց խնդիրները։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետի պաշտոնը 2021թ․ ապրիլի 8-ից զբաղեցնում է վարչապետի դասընկերն ու ամուսնության քավորը՝ Հայկ Ղալումյանը։ Նա նախընտրական արձակուրդի ժամանակ, մայիսի 8-ից, ակտիվորեն մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քարոզչությանը։
Հունիսի 8-ից հետո Տավուշի մարզպետարանի կայքում Հայկ Ղալումյանի կողմից կայացված որոշումներ կամ ծրագրված միջոցառումների մասին տեղեկատվություն չի հրապարակվել։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով 49-րդ համարն է, որը ստացել է 64 մանդատ։