60 տարի չեն վերանորոգել Ցեղասպանության հուշահամալիրը․․․ Կամ ինչպես ստեղծել ապատիայի մթնոլորտ

Այսօր Ցեղասպանության հուշահամալիր այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկների առջև, ամենայն վստահությամբ հայտարարեց, թե 60 տարի Ցեղասպանության հուշահամալիրը «ոչ մեկ» չի վերանորոգել։ Սա ոչ թե աննկատ անցնող սխալ է, այլ կառավարական քաղաքականության հստակ արտահայտություն, որը նպատակ ունի ստեղծել ապատիայի, անտարբերության և անկարողության մթնոլորտ։

Ինչևէ, ճշմարտությունը հակառակն է։ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր պատմության ընթացքում մի քանի անգամ է նորոգվել և բարեկարգվել։

Ամենահայտնի և լայնածավալ վերանորոգումներից մեկը տեղի ունեցավ 2003 թվականին՝ Ցեղասպանության 90-րդ տարելիցի շրջանակներում։ Այդ աշխատանքները իրականացվել են ԼԻՆՍԻ (Լիլիթ Գալստյանի անունը կրող) սոցիալ-մշակութային հիմնադրամի միջոցներով։ Դրանք ընդգրկում էին ոչ միայն կոսմետիկ փոփոխություններ, այլև հուշարձանի հիմնովին արդիականացում։ Փոխվել են քարերը, հիմնովին արդիականացվել է բունկերը, ավազե շիթով ամբողջությամբ մաքրվել է հուշարձանը, փոխվել է ոռոգման ցանցը, տեղադրվել է նոր լուսավորություն, վերանորոգվել են եզրաքարերը, իրականացվել է լայնածավալ ծառատունկ, տեղադրվել է ձայնային հեռարձակման ցանց, վերանորոգվել են աստիճանները և փոխվել է քայլուղին։ Այս վերանորոգումը կատարվել է բոլոր, այդ թվում՝ քաղաքաշինական, ճարտարապետական և պատմամշակութային ընթացակարգերի պահպանմամբ։

Հուշահամալիրը վերանորոգվել է նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում, երբ այն դարձել էր ոչ միայն ազգային, այլև միջազգային կարևորության օբյեկտ։ Այդ ժամանակաշրջանում այն այցելել են աշխարհի 80-իվ ավելի երկրների ներկայացուցիչներ՝ խնկարկելու զոհերի հիշատակը և դատապարտելու Ցեղասպանությունը։

Ավելի վաղ, 1995 թվականին՝ Ցեղասպանության 80-ամյա տարելիցի շրջանակում, բացվել է Հայոց ցեղասպանության թագարան-ինստիտուտը, որը հուշահամալիրի կազմում կազմում է չորրորդ բաղկացուցիչ մասը։

Այսպիսով, վարչապետի հայտարարությունը ոչ միայն անճշտ է, այլև հակասում է իրականությանը։ Այն հարց է տալիս՝ թե ինչու է պետական գործիչը, որը պետք է պաշտպաներ և զարգացներ հայրենիքի պատմամշակութային հարստությունը, փորձում է այն նվազեցնել և դատարկել իրական բովանդակությունից։ Սա վերահաստատում է այն մտածելակերպը, որը նախընտրում է ապատիան՝ ակտիվ գործողությունից, և անտարբերությունը՝ պատմական հիշողության պաշտպանությունից։