«Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում». Ռոբերտ Քոչարյանի վերլուծությունը 9 մլրդ դոլարի շուրջ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքի» եթերում անդրադարձել է 9 միլիարդ դոլարի շուրջ ստեղծված աղմուկին՝ այն բնութագրելով որպես «փոթորիկ մեկ բաժակ ջրում»։

Նրա խոսքով՝ ներկայիս կառավարության կողմից ներկայացվող տեղեկատվությունը հեռու է իրականությանը համապատասխանելուց։ Ըստ նրա՝ ստորագրվել է միայն երկկողմ հայտարարություն, որը վերաբերում է խաղաղ էներգիայի պայմանագրի միանալուն։ Այս պայմանագրին անդամ դառնալը չի ենթադրում ոչ մի ներդրում, ոչ էլ որևէ պարտավորություն կառուցելու ատոմակայան Հայաստանում։

«ԱՄՆ-ն իր տեխնոլոգիաները փորձում է առաջ մղել դեպի այլ շուկաներ, ինչը բնական է։ Բայց պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ն այդպիսի ատոմակայաններ այլ երկրներում կառուցելու փորձ չունի։ Այս ոլորտում առաջատարը Ռուսաստանն է, որն այս պահին դրսում կառուցում է 5-6 նման կայան», – նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաև նկատել է, որ Միացյալ Նահանգներում վերջին կառուցված ատոմակայանը բավականին թանկ է նստել երկրի վրա։ Քոչարյանի կարծիքով, եթե 9 մլրդ դոլարի ներդրումը տեղի կունենա, դա կլինի պարտք Հայաստանի քաղաքացիների վրա, որը կանդրադառնա նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

«Սա բիզնես է, ոչ թե բարեգործություն։ Եթե կարող ես ստեղծել հինգ անգամ էժան նույն որակի ատոմակայան, դու քաղաքացիների վրա հինգ անգամ պակաս բեռ ես դնում», – պնդել է նախկին նախագահը՝ մեկնաբանելով նախարարի այն հայտարարությունը, թե միջուկային էլեկտրաէներգիան հնարավորություն կտա գիշերվա ցերեկվա ռեժիմները կարգավորել։ Նա նախազգուշացրել է, որ նման պայմաններում ատոմակայանը կարող է դառնալ «պայթեցնելու առարկա»։