«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու է դարձել տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համաժողովում հայտարարվեց, որ կուսակցության վարչապետի թեկնածու է դարձել գործարար Սամվել Կարապետյանը, որը ներկայում գտնվում է տնային կալանքի տակ։ Այս մասին հայտարարեց նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

Կուսակցության ներկայացուցիչները նշում են, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ վարչապետի և պատգամավորի թեկնածու պետք է լինի վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խնդրի լուծումը տեսնում է խորհրդարանական ընտրություններում հաղթելու և խորհրդարանի միջոցով Սահմանադրության 148-րդ հոդվածը փոխելու մեջ։

Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու։ Նրա խոսքով՝ նման իրավիճակը վերաբերում է նաև այլ անձանց, այդ թվում՝ Կիրկորովին, Սոլովյովին և Մադուրոնին։