Ծարավ աղբյուրի առեղծվածը․ Մի ժամանակ՝ սրբավայր, այսօր՝ փակ տարածք․ ի՞նչ բացահայտեց հետազոտությունը

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում գտնվող Ծարավ աղբյուրը ոչ միայն բնական ջրային աղբյուր է, այլև հարուստ պատմական, մշակութային և սոցիալ-տնտեսական ժառանգություն, որի մասին բազմաթիվ հետաքրքիր փաստեր են բացահայտվել վերջին հետազոտությունների շնորհիվ։ Այս հարուստ ժառանգության մասին մենք զրուցել ենք բանասիրական գիտությունների թեկնածու (բ.գ.թ.) ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության տեքստաբանության բաժնի և ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Գալստյանի հետ։

Հետազոտությունը կատարվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում իրականացվող և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող մի ծրագրի շրջանակում, որը նվիրված է «Ջրօգտագործման մշակույթը հայկական լեռնաշխարհում՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» թեմային։

Անվան ծագման առեղծվածը

Ծարավ աղբյուրի անվան ծագման շուրջ շրջանառվում են մի քանի տարբերակներ։ Ամենատարածվածը կապվում է ժողովրդական «Ջուրը տանել, ծարավ հետ բերել» առածի հետ։ Ըստ լեգենդի, գյուղի երկու տանուտեր՝ քեդխուդաներ, վիճել են։ Մեկը, որն ավելի խորամանկ էր, մյուսին նսեմացնելու համար ասել է․ «Ես քեզ կտանեմ աղբյուրը, ծարավ հետ կբերեմ»։ Նրանք գնացել են աղբյուր, որտեղ ընդդիմախոսը փորձել է ջուրը խմել, իսկ մյուսն ասել է, որ այդպես չի լինի, քանի որ վկա չկա։ Ջուրը թափել են, գնացել են գյուղ՝ վկա բերելու։ Քեդխուդայի ծարավ վերադառնալու փաստը տարածվել է, և այդ օրվանից աղբյուրն անվանել են Ծարավ աղբյուր։

Այլ տարբերակ էլ կա։ Ըստ երևույթի, աղբյուրն անվանել են «Ծարավ» այն պատճառով, որ ջուրը խմելուց հետո ծարավը չի հագենում։ Կան նաև պատմություններ, որ ճանապարհորդները հենց այնտեղ են հագեցնում իրենց ծարավը։

Ավելի քիչ հավանական է այլ վարկածը, որը պատմում է, որ կարսեցի երկու եղբայր՝ քարտաշ վարպետներ, գալիս են Քանաքեռ և աղբյուր են կառուցում։ Նրանք պետք է ջուր բերեն բնակիչներին։ Պառավ կին իր պուլիկով ջուր է բերում նրանց՝ ասելով․ «Աղբյուր են կառուցում, բայց իրենք ծարավ են»։ Այստեղից էլ իբր առաջանում է անունը, սակայն այս վարկածը քիչ է համապատասխանում իրականությանը, քանի որ Ծարավ աղբյուրը բնական աղբյուր է։

Ուխտատեղի և ծիսական նշանակություն

Ծարավ աղբյուրը ոչ միայն պատմական, այլև ծիսական նշանակություն է ունեցել։ Քանաքեռցիները Վարդավառին և Համբարձման տոնին ուխտի էին գնում Արա լեռան վրա գտնվող Ծաղկեվանք, սակայն կային ընտանիքներ, որոնք այնտեղ չէին կարողանում հասնել և իրենց ուխտը կատարում էին Ծարավ աղբյուրի տարածքում։

Հովհաննես Նազարյանցի «Նախապաշարմունք» ժողովածուում նշվում է, որ աղբյուրի ավազանի մեջ կարելի է գտնել ցանկացած իր։ Կանայք գալիս էին, ավազանի մեջ էին դնում իրենց ցանկալի իրերը՝ ծամակալ, կոճակ, քորոց և այլն, պատահական իր վերցնելով՝ գուշակում էին ապագա երեխայի սեռը։ Այնտեղ են գնացել նաև սակավակաթ կանայք, ովքեր նոր են ծննդաբերել և չեն կարողացել կերակրել երեխաներին։ Նրանք դեմքով նստում էին դեպի աղբյուրը, իսկ սկեսուրը կամ մայրը թիկունքից խաշած հատիկներ էին լցնում, իսկ կինը երեխան գիրկը նստած է՝ իբր կերակրում է և նայելով աղբյուրի ջրին՝ ենթադրվում էր, որ կաթը պետք է առատանա։

Այս ծեսի հիմքում ընկած է ծիսական քարի առկայությունը։ Բանահավաք Երվանդ Լալայանը գրել է, որ այդ քարի մեջ հաշվել է 56 գամ։ Այս երևույթը բավականին տարածված է եղել Կոտայքի և Արագածոտնի մարզերում։

Այսօր՝ փակ տարածք

Ցավոք, այսօր Ծարավ աղբյուրի այդ ծիսական նշանակությունն ունեցող քարը չկա։ Վերջինը, որը վկայում է դրա գոյության մասին, Երվանդ Շահազիզն է իր «Աշտարակ քաղաքի պատմությունը» գրքում։ Քարը նաև պատկերված է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում պահպանվող նրա գրքերի մեկ ծաղկողում։ Այսպիսով, Ծարավ աղբյուրը, որը մի ժամանակ հանդիսանում էր ոչ միայն ջրի աղբյուր, այլև հզոր ծիսական և հավատի կենտրոն, այսօր մնացել է որպես անցյալի հուշակալ։