Հայաստանի պետականության վերածննդի օրը

Մայիսի 28-ը հայ ժողովրդի համար ոչ միայն պետական տոն է, այլև կամքի, ինքնիշխանության և ազգային արժանապատվության վերածննդի օր։ 1918 թվականի այս օրը հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը՝ ցեղասպանության, քայքայման և պատերազմի ավերածությունից հետո։

Պետության ստեղծումը տեղի ունեցավ ոչ թե շնորհիվ, այլ հակառակ բոլոր հանգամանքների, ինչը դարձնում է այս օրը ոչ միայն պատմական փաստ, այլև անհնարինը հնարավոր դարձնելու խորհրդանիշ։

Այսօր, նկատում եմ, որ պետական տոները հաճախ փորձում են վերածել ձևական միջոցառումների, գեղեցիկ կադրերի և քաղաքական PR-ի։ Բայց իսկապես պետությունը կառուցվում է պատասխանատվությամբ, ուժեղ ինստիտուտներով, ազգային արժանապատվությամբ, ազգային արժեքներով և անվտանգությունն առաջնահերթ համարող իշխանությամբ։

Անկախությունը, որը մենք ստացել ենք, պահպանվում է ոչ թե հայտարարություններով, այլ պետական մտածողությամբ, ուժեղ բանակով, ազգային միասնությամբ և սեփական պետության նկատմամբ պատասխանատվությամբ։ Պետությունը պահանջում է ոչ թե հավատարմություն, այլ աշխատանք, զգոնություն և անսահման սիրով պաշտպանել այն, ինչը մեր նախնիները ստեղծել են։

Հայաստանը վերականգնելու է ուժեղ պետականությունը։ Մենք կունենանք պետություն, որտեղ ազգային խորհրդանիշները ծառայելու են ոչ թե իշխանության վարկանիշին, այլ հայկական պետականության ամրապնդմանը։

Փա՛ռք Առաջին Հանրապետության հիմնադիրներին։
Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր պայքարել և պայքարում են հայկական պետականության համար։