Որպես իրավաբան և իրավապաշտպան, պետք է արձանագրեմ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի է ունենում իրավական կամայականությունների և ընթացակարգային կոպիտ խախտումների պայմաններում, որոնք հանդիսանում են համակարգված հարված Հայաստանի Հանրապետության պետականությանն ու սահմանադրական կարգին։ Արձանագրված ընտրությունների ընթացքում տեղի ունեցած համատարած, համակարգված կեղծարարությունը և իշխանության յուրացման բացահայտ փորձերը ամբողջությամբ զրկել են ընտրական գործընթացը լեգիտիմությունից և ոտնահարել քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը։
Այս ընտրությունները ոչ թե ժողովրդավարական գործընթաց էին, այլ քաղաքացու ձայնը բռնի ուժով, կազմակերպված կեղծիքով, թեկնածուների ապօրինի կալանավորմամբ, ատելության խոսքի ներարկմամբ, տվյալների նկարչությամբ ու նենգությամբ խլելու հերթական արարը։
Այս իրավիճակի վերլուծությունը և դրա իրավական գնահատականը ներկայացված են հետևյալ կետերում։
1. Արդյունքների կանխամտածված հռչակում և հաշվարկի կասեցում
Ակնհայտ հակաժողովրդավարական քայլով՝ ընտրությունների արդյունքները հայտարարվել են դեռևս կեսգիշերին, երբ քվեների դեռևս 10%-ը չէր հաշվարկվել։ Սա զուգահեռ ունեցել է հենց կեսգիշերին պաշտոնական քվեների հաշվարկի կասեցման հետ, ինչը ցույց է տալիս արդյունքները սեփական հայեցողությամբ գծագրելու հստակ միտումը։
2. Տվյալների բացահայտ կեղծում ԿԸՀ-ի վերահսկողության ներքո
Ընտրական մեքենան դիմել է նախադեպը չունեցող կեղծարարության։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վերահսկողության ներքո գտնվող համակարգում էլեկտրոնային համակարգ են ներմուծվել իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Մասնավորապես, արձանագրվել են դեպքեր, երբ տեղամասային պաշտոնական արձանագրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը ստացել է զրո քվե, սակայն կենտրոնական համակարգում այն կեղծվել և գրանցվել է որպես մոտ 800 քվե։
3. Թվաբանական աճպարարություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քվեների գողություն
Ընտրությունների արդյունքների նկարչության ամենախոսուն ապացույցը ԲՀԿ-ի շուրջ ստեղծված արհեստական պատկերն է։ Նախապես հայտարարվել էր, որ կուսակցությունը հաղթահարել է խորհրդարան անցնելու անհրաժեշտ 4%-ի շեմը, սակայն ԿԸՀ-ի կողմից հետագա համակարգված «թարմացումների» արդյունքում թվերը միտումնավոր նվազեցվել և ուղիղ 3,996%-ի նշագծին են կանգնեցվել։ Ընդամենը մի քանի տասնյակ ձայնով ուժին խորհրդարանից դուրս թողնելը ոչ թե մաթեմատիկական պատահականություն է, այլ բացահայտ քաղաքական պատվեր։ Սրա նպատակն է փոշիացնել ընդդիմադիր քվեն, գողացված ձայների հաշվին լրացուցիչ բոնուս պարգևել ՔՊ-ին և ապահովել գործող վարչախմբի միահեծան իշխանությունը։
4. Ատելության խոսքի և ճնշումների մթնոլորտ
Քարոզարշավի ողջ ընթացքում իշխող կուսակցության ներկայացուցիչների և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրային հարթակներից հնչեցվել են ատելության, թշնամանքի, բևեռացման և քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարի բացահայտ կոչեր, որոնք ուղղակիորեն ճնշել ու ահաբեկել են ընտրողներին՝ զրկելով նրանց ազատ կամարտահայտման հնարավորությունից։
5. Պատգամավորության թեկնածուների կալանավորում և քաղաքական հալածանքներ
Ընտրական գործընթացի իրավական կողմն ամբողջությամբ կաթվածահար է արվել ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նպատակաուղղված կալանավորումներով ու քրեական հետապնդումներով։
6. Վարչական ռեսուրսի չարաշահում և կազմակերպված մանիպուլյացիաներ
Պետական ապարատի և ուժային կառույցների ներգրավումը քարոզարշավին ստեղծել է վախի մթնոլորտ։ Ընտրացուցակներում անհայտ անձանց զանգվածային գրանցումները, զինծառայողների ուղղորդված քվեարկությունները և ընտրատեղամասերը փակվելուց հետո նրանց անօրինական քվեարկության կազմակերպումը ապացուցում են գործընթացի կանխամտածված նենգափոխումը։
7. Տեղեկատվական տեռոր և արտաքին միջամտություն
Հանրային հեռուստաընկերության կողմնակալությունը, ապատեղեկատվության տարածումը և արտաքին սպառնալիքները ամբողջությամբ խեղաթյուրել են մրցակցային միջավայրը։