Ֆինանսների նախարարությունը խորհրդատվության համար 13,5 մլն դրամ է վճարել ՏԿԵ նախարարության պետին

Հունիսի 10-ին Ֆինանսների նախարարությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Հասմիկ Օրդուխանյանի հետ։ Պայմանագիրը կնքվել է ոչ թե որպես ԱՁ կամ ՍՊԸ, այլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

Պայմանագրի համաձայն՝ Հասմիկ Օրդուխանյանը ստանձնում է Ֆինանսների նախարարության կարիքների համար գնումների մասնագետի խորհրդատվության մատուցման պարտավորություն։ Այս խորհրդատվությունը մատուցելու է Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում, որի միջոցով կայունացման և զարգացման եվրոպական հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրում «ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» ծրագրի ֆինանսավորման համար։

Խորհրդատվության ժամկետը սահմանված է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ ծառայության համար նախարարությունը վճարելու է 13 միլիոն 560 հազար դրամ։

Հետաքրքիր է, որ Հասմիկ Օրդուխանյանը, որը պայմանագրի համաձայն խորհրդատվություն է մատուցում, իրականում ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գնումների բաժնի պետն է։