Իրանի հասարակությունը՝ արժանապատվության եւ ինքնիշխանության պաշտպանը

Վերջին օրերին Իրանի երկու խոշորագույն քաղաքներում՝ մայրաքաղաք Թեհրանում եւ Իսֆահանում, ինչպես նաեւ այլ քաղաքներում տեղի են ունենում բազմահազարանոց ցույցեր՝ ընդդեմ ԱՄՆ-ի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի ստորագրման։ Բողոքի ցույցերը տեղի են ունենում այն տեղեկությունների ֆոնին, որ հունիսի 19-ին ԱՄՆ-ն եւ Իրանը կարող են ստորագրել համաձայնագիր։

Իրանցիները համաձայնագիրը համարում են ազգային շահերի ոտնահարում եւ պատերազմում զոհվածների հիշատակի անարգում։ Ցուցարարների հիմնական կարգախոսներն են՝ «Մահ Արաղչիին՝ անպատիվ կոմպրոմիստին», «Արաղչի, ամոթ ունեցիր, դադարիր զիջել Ամերիկային», «Ղալիբաֆ, Արաղչի, հրաժարական տվեք, հրաժարական տվեք»։ Խոսքն իշխանության երկու բարձրաստիճան պաշտոնյայի մասին է՝ ԱԳ նախարար Աբաս Արաղչիի եւ խորհրդարանի Միլի մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի, որոնց մեղադրում են հասարակությունից գաղտնի ԱՄՆ-ին անհարկի զիջումներ անելու, ամերիկյան պահանջներն ընդունելու եւ երկիրը կապիտուլյացիայի ենթարկելու մեջ։

Այս իրադարձությունները զարմանալի չեն, եթե հիշենք, որ Իրանը տասնյակ տարիներ գտնվում է տնտեսական շրջափակման եւ պատժամիջոցների տակ, եւ արդեն մեկ տարի շարունակ պատերազմի մեջ է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ։ Ամերիկյան եւ իսրայելական ինքնաթիռները եւ հրթիռները ռմբակոծում են իրանական քաղաքները, բնակավայրերը, եւ այդ պատերազմի արդյունքում զոհերի թիվը հասնում է մի քանի հազարի, իսկ վիրավորներինը՝ տասնյակ հազարների։ Բայց նույնիսկ այդ պայմաններում իրանցի մարդիկ չեն հրաժարվում իրենց արժանապատվությունից եւ չեն ցանկանում նվաստացուցիչ խաղաղություն։

Այս իրադարձությունները հակադրվում են Հայաստանում տեղի ունեցածի հետ։ Երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Ադրբեջանի հետ կոչված «խաղաղության» համաձայնագիրը, որը հայկական շրջանակներում հաճախ անվանում են «կապիտուլյացիա», կամ երբ նա հրաժարվեց Հայաստանի տարածքը պաշտպանելուց, ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ համաձայնեց Հայաստանի ինքնիշխանությունը զիջել ԱՄՆ-ին, այդ որոշումները չհետեւեցին փողոցներում բազմահազարանոց բողոքի ցույցեր։

Արդյո՞ք հայերն ավելի ստրկամիտ են, իսկ իրանցիները՝ արժանապատիվ։ Գուցե նաեւ եւ հենց այդ պատճառով է, որ իրանցիները հազարամյակներ շարունակ պետություն են ունեցել, իսկ հայերս պետություն ենք ունեցել միայն հանգամանքների բերումով, շատ դեպքերում՝ մեզնից անկախ, անկախ մեր կամքից՝ այդպես էլ չգիտակցելով սեփական պետություն ունենալու արժեքը։

Իրանցիների կամ իրանական հասարակության մի մեծ հատվածի համար կան արժեքներ, որոնք ավելի կարեւոր են կյանքից, ֆիզիկական գոյությունից, դրա համար նրանք պատրաստ են հրաժարվել կյանքից, բայց ո՛չ այդ արժեքներից։ Պատկերացնո՞ւմ եք որեւէ իրանցի առաջնորդի, որը քարոզարշավի ամբողջ ընթացքում ծամեր, զբաղված լիներ ուտելով եւ դա ներկայացներ որպես կյանքի ու ապրելու միակ նպատակ, իմաստ, մեծագույն հաճույք ու ձեռքբերում։ Նման բան երբեք չի լինի, որովհետեւ դա կլինի անարգանք սեփական անձի եւ սեփական երկրի նկատմամբ։ Բայց հայ հասարակության մի մասը գնաց եւ ընտրեց մեկին, որը քարոզում էր, որ աշխարհի ամենակարեւոր բանը ծամելն է, կուշտ լինելը, որ դա է մարդու միակ նպատակը եւ ապրելու իմաստը։

Երբ Փաշինյանը խոսում է Արցախից վերջնականապես ազատվելու մասին, նրան ծափ տվողներ ու ողջունողներ կան, իսկ երբ Իրանի իշխանության որոշ ներկայացուցիչներ համաձայնում են հրաժարվել միջուկային ծրագրից, իրանցիները համարում են երկրի շահերի եւ ինքնիշխանության զիջում՝ պահանջելով նման պաշտոնյաների հրաժարականն ու մահը։

Իրանն աշխարհի ամենամեծ երկիրը չէ, ոչ էլ տեխնոլոգիապես կամ տնտեսապես զարգացածը, նույնիսկ ամենամեծ բանակը չունի, բայց ունի խիզախ առաջնորդներ եւ հասարակություն եւ դրա համար կարողանում է կռվել ու իր պահանջները պարտադրել գերտերություն համարվող ԱՄՆ-ին, որի առաջ խոնարհվում են անհամեմատ ավելի մեծ, զարգացած ու հարուստ երկրներ։ Դրա համար է, որ Իրանի ու իրանցի ժողովրդի սխրանքով ոգեշնչվում են աշխարհի միլիոնավոր ազատատենչ մարդիկ, իսկ հպատակներն ու ստրուկներն ատելություն են տածում, որովհետեւ կարծում են, որ իրենց տիրոջ դեմ ըմբոստությունն աններելի մեղք է, ու նման մեղք գործողն անպայման պետք է պատժվի, այլապես հնազանդ ստրուկներն իրենց այնքան էլ լավ չեն զգա։